Ինչպ՞ես է վարվել Անդրեաս Էլիզբարովն ընկերոջ և նրա ընտանիքի հետ: Ինչպե՞ս է ընթերցողը ծանոթանում այդ պատմությանը:
Ժամանակին Անդրեաս Էլիզբարովը և Առաքել Օթարյանը գործընկերներ են եղել, միասին հող ձեռք բերել: Այնուհետև Օթարյանը հիվանդացել է: Էլիզբարովը կողոպտել է մահամերձ ընկերոջը և նրա ընտանիքին: Սակայն Օթարյանը հասցրել է իր իրավունքներն ապացուցող փաստաթղթերը հանձնել կնոջը: Օթարյանի մահից հետո Էլիզբարովը ստանձնել է ընկերոջ ընտանիքի խնամակալությունը՝ նրանց նվաստացուցիչ պայմաններում պահելով: Համալսարանական կրթություն ստանալով՝ Օթարյանի որդի Արտաշեսը մոր հանձնած օրինական փատաթղթերի հիման վրա պահանջում է էլիզբարովից իր ընտանիքի հասանելիքը՝ նրա կարողության կեսը: Դրամայի սյուժեն և ֆաբուլան չեն համընկնում: Պատմությունը բացահայտվում է հերոսների խոսքի միջոցով, իսկ դրամայի բուն գործողություններն սկսվում են այն կետից, երբ Արտաշեսն արդեն ներկայացրել էր պահանջը:
Ո՞րն է դրամայի կոնֆլիկտը: Ովքե՞ր են կանգնած դրա տարբեր կողմերում:
Նմանատիպ կոնֆլիկտ շատ ստեղծագործություններ ունեն, օրինակ՝ Սունդուկյանի «Պեպոն»: Բուրժուան, ստանձնելով մահացած բարեկամի կամ ընկերոջ ընտանիքի խնամակալությունը, իրականում կողոպտում է իրեն ապավինածներին:
Հենց այս նույն խնդիրն է «Պատվի համար» դրամայի բուն կոնֆլիկտը: Էլիզբարովը թալանել է իր ընկեր Առաքել Օթարյանին, և այժմ վերջինիս որդին պահանջում է վերականգնել արդարությունը: Կոնֆլիկտը ծավալվում է մի կողմից էլիզբարովի և Արտաշեսի, մյուս կողմից՝ Էլիզբարովի և Մարգարիտի միջև:
Ո՞ւմ խորհրդով է Մարգարիտն Արտաշեսից պահանջում փաստաթղթերը: Ինչու՞ է Արտաշեսը համաձայնում տալ դրանք:
Էլիզբարովն է առաջարկում դստերը խնդրել փաստաթղթերը՝ համոզվելու, թե իբր ինքը մեղավոր չէ: Մարգարիտը խնդրում է դրանք Արտաշեսից: Վերջինս համաձայնում է, քանի որ Մարգարիտին՝ իր սիրելիին, համարում էր իր ամենամեծ դատավորը:Ահա թե ինչ է ասում Արտաշեսը Մարգարիտին.
- Թող այդպես լինի: Ինձ համար քեզանից ավելի մեծ դատավոր չի կարող լինել: Բավական է, որ դու, միայն դու, ասես եղբորդ, թե ես ձրիակեր չեմ եղել, և ես պատրաստ եմ հրաժարվել իմ ժառանգությունից: Ես կարող էի դատարան դիմել, բայց այդ չեմ անում միայն քո պատճառով: Ուրեմն դու եղիր մեր դատավորը:
Բացի դրամայի բուն կոնֆլիկտից՝ ուրիշ ի՞նչ ավելի ընդհանրական բախում է տեղի ունենում: Ինչպե՞ս է այդ բախումն արտացոլվում հենց առաջին տեսիլում:
Դրամայի բուն կոնֆլիկտին զուգահեռ՝ միևնույն հիմքով առավել ընդհանրական բախում է ծավալվում . դա խղճին, ազնվությանը և արդարությանը հավատարիմ մարդկանց բախումն է հանուն դրամի մարդկային բոլոր արժեքներն ուրացածների հետ: Այդ բախման մի թևում կանգնած են Մարգարիտը, Արտաշեսը, Երանուհին, Կարինյանը, իսկ մյուս կողմում՝ Էլիզբարովը, Սաղաթելը, Բագրատը: Հենց սկզբից Սաղաթելի և հաշվապահ Կարինյանի զրույցի միջոցով գրողն ակնհայտորեն ցուցադրում է այս բախումը ներկայացնելու և դրա շուրջ մտորելու տեղիք տալու իր ցանկությունը: «Շատերի համար խիղճն անմարսելի է», - ասում է Շիրվանզադեն հաշվապահ Կարինյանի բերանով՝ հենց սկզբից ներկայացնելով կոնֆլիկտի բևեռները:
Ի՞նչ հանգամանքներում է ատրճանակը հայտնվում Մարգարիտի ձեռքում:
Մարգարիտն ատրճանակը վերցնում է եղբորից՝ Սուրենից, երբ վերջինս խոսում էր այն մասին, թե երբեմն հոգնում է կյանքից: Հենց Սուրենն էլ զրույցի ընթացքում ցույց է տալիս, թե ինչպես պետք է կրակել:
Մարգարիտը ծանր կացության մեջ է, սակայն նա մեկ կարևոր համոզմունք ունի, և այս առումով երկընտրանք չկա նրա ներսում. ո՞րն է այդ համոզմունքը:
Մարգարիտը կանգնած է հոր և սիրելի երիտասարդի միջև, սակայն նրա համար պարզ է այն, որ ամենից կարևորը արդարությունը և ճշմարտությունն են, ավելի կարևոր, քան հոր կամ Արտաշեսի հանդեպ տածած սերը:... «Ես մի րոպե անգամ չէի տատանվի երես դարձնել Օթարյանից, եթե համոզվեի, որ նրա դատն արդար չէ: Այն, որ ես կսկսեի Աստծու պես պաշտել հայրիկին, եթե համոզվեի, որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի առաջ»,- ասում է Մարգարիտը քրոջը: Եվ դրամայի վերջին տեսիլում Մարգարիտի համար պարզ է, որ առանց պատվի, այսինքն՝ անազնվության խարանը ճակատին, առանց արդարության անհնար է ապրել: Գրողի ասելիքը և ուղերձը պետք է փնտրել հենց այս տիրույթում:
Ծանոթանալով փաստաթղթերի բովանդակությանը՝ ի՞նչ է պահանջում Մարգարիտը հորից:
Սաղաթելի հետ զրուցելիս Էլիզբարովն ասում է, որ Մարգարիտն իրենից պահանջում է զղջալ և վերադարձնել Օթարյանների հասանելիքը:
Ինչու՞ է հեղինակն առաջ մղել Մարգարիտի կերպարը հոր դեմ պայքարում:
Շիրվանզադեն, ցանկանալով առավել սուր կերպով ներկայացնել Էլիզբարովի հավաքական կերպարի՝ ասել է թե նրա տիպի հակամարդկային էությունը, կոնֆլիկտի մյուս կողմում կանգնեցրել է Մարգարիտին՝ նրա դստերը: Այս հանգամանքը հնարավորություն է տվել առավել սրությամբ ներկայացնել Էլիզբարովի տիպը:Եզրակացությունը պարզ է. նույնիսկ հարազատ զավակն օտար է Էլիզբարովի, հետևաբար նաև նրա տիպի համար, երբ խոսքն անձնական շահին է վերաբերում: Այս դեպքում շահը պետք է ընկալել ոչ միայն դրամի իմաստով:
Ինչպե՞ս է Էլիզբարովը փորձում օգտվել այն հանգամանքից, որ Մարգարիտը և Արտաշեսը սիրում էին իրար: Ի՞նչ քայլի է դիմում նա փաստաթղթերը ձեռք բերելու համար: Ինչպե՞ս է ավարտվում դրաման:
էլիզբարովը փորձում է համոզել Մարգարիտին հրաժարվել պահանջից և ամուսնանալ Արտաշեսի հետ՝ հարուստ օժիտ ստանալով: Սակայն աղջիկը պատասխանում է, որ իրեն պատվի օժիտ է հարկավոր:
էլիզբարովը գողանում է փաստթղթերը դստեր սենյակից և որոշ ժամանակ անց, անտեսելով դստեր աղաչանքը, այրում դրանք: Տեսնելով այդ՝ Մարգարիտն իրեն կործանված է համարում և ինքնասպանություն գործում եղբոր ատրճանակով:
Ինչպե՞ս է արտահայտվում Էլիզբարովի ներքին կոնֆլիկտը: Ինչպե՞ս է նա ընկալում իր պատիվը: Ինչպե՞ս է այս ամենն առնչվում դրամայի ժանրին:
Դրաման, ի տարբերություն կատակերգության, ձգտում է բացահայտել հերոսների հոգեբանական կոնֆլիկտը, ներաշխարհի հեղաբեկումները, ոչ միայն արտաքին պատյանը: Այլ կերպ՝ դրաման փորձում է հասկանալ անհատին, ոչ միայն իրավիճակը:Իբրև ռեալիստ հեղինակ՝ Շիրվանզադեն փորձում է ներկայացնել Էլիզբարովի ներաշխարհում տեղի ունեցող պայքարը: Մի կողմից նա կարող է խայտառակվել և հարստություն կորցնել, մյուս կողմից անողոք դատավորի նման նրա առջև կանգնած է դուստրը: Իրականում Էլիզբարովը շատերին հարստահարած վաշխառու է, ով միշտ հեռու է եղել արդարությունից և կարեկցանքից. չէ՞ որ նրա կարծիքով մարդը «անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես...»: Սակայն ռեալիստ Շիրվանզադեն փորձել է ներկայացնել Էլիզբարովի ներքին պայքարը. չէ՞ որ նա էլ ունի պատվի իր զգացումը, որը վեր է փողից:«Բայց փողը դեռ մի կողմ, իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ», - ասում է նա: Այնուհանդերձ, ակնհայտ է, որ պատվի՝ Էլիզբարովի ընկալումը հակամարդկային է: Մարգարիտի մահով Շիրվանզադեն պատժում է նրան՝ կարծես հուշելով, որ ի վերջո պատժվելու են «գայլի ախորժակով» և «վագրի ժանիքներով զինվածները»: