Դիպաշարը
Կոնֆլիկտը
100

 Ինչպ՞ես է վարվել Անդրեաս Էլիզբարովն ընկերոջ և նրա ընտանիքի հետ: Ինչպե՞ս է ընթերցողը ծանոթանում այդ պատմությանը:

  Ժամանակին Անդրեաս Էլիզբարովը և Առաքել Օթարյանը գործընկերներ են եղել, միասին հող ձեռք բերել: Այնուհետև Օթարյանը հիվանդացել է: Էլիզբարովը կողոպտել է մահամերձ ընկերոջը և նրա ընտանիքին: Սակայն Օթարյանը հասցրել է իր իրավունքներն ապացուցող փաստաթղթերը հանձնել կնոջը: Օթարյանի մահից հետո Էլիզբարովը ստանձնել է ընկերոջ ընտանիքի խնամակալությունը՝ նրանց նվաստացուցիչ պայմաններում պահելով: Համալսարանական կրթություն ստանալով՝ Օթարյանի որդի Արտաշեսը մոր հանձնած օրինական  փատաթղթերի հիման վրա պահանջում է էլիզբարովից իր ընտանիքի հասանելիքը՝ նրա կարողության կեսը: Դրամայի սյուժեն և ֆաբուլան չեն համընկնում: Պատմությունը բացահայտվում է հերոսների խոսքի միջոցով, իսկ դրամայի բուն գործողություններն սկսվում են այն կետից, երբ Արտաշեսն արդեն ներկայացրել էր պահանջը:

100

 Ո՞րն է դրամայի կոնֆլիկտը: Ովքե՞ր են կանգնած դրա տարբեր կողմերում:

  Նմանատիպ կոնֆլիկտ շատ  ստեղծագործություններ ունեն, օրինակ՝ Սունդուկյանի «Պեպոն»: Բուրժուան, ստանձնելով մահացած բարեկամի կամ ընկերոջ ընտանիքի խնամակալությունը, իրականում   կողոպտում է իրեն ապավինածներին:

Հենց այս նույն խնդիրն է «Պատվի համար» դրամայի  բուն կոնֆլիկտը: Էլիզբարովը թալանել է իր ընկեր Առաքել Օթարյանին, և այժմ վերջինիս որդին պահանջում է վերականգնել արդարությունը: Կոնֆլիկտը ծավալվում  է մի կողմից էլիզբարովի և Արտաշեսի, մյուս կողմից՝ Էլիզբարովի և Մարգարիտի միջև:

200

Ո՞ւմ խորհրդով է  Մարգարիտն Արտաշեսից պահանջում փաստաթղթերը: Ինչու՞ է Արտաշեսը համաձայնում տալ դրանք:

Էլիզբարովն է առաջարկում դստերը խնդրել փաստաթղթերը՝ համոզվելու, թե իբր ինքը մեղավոր չէ: Մարգարիտը խնդրում է դրանք Արտաշեսից: Վերջինս համաձայնում է, քանի որ Մարգարիտին՝ իր սիրելիին, համարում էր իր ամենամեծ դատավորը:Ահա թե ինչ է ասում Արտաշեսը Մարգարիտին.

  - Թող այդպես լինի: Ինձ համար քեզանից ավելի մեծ դատավոր չի կարող լինել: Բավական է, որ դու, միայն դու, ասես եղբորդ, թե ես ձրիակեր չեմ եղել, և ես պատրաստ եմ հրաժարվել իմ ժառանգությունից: Ես կարող էի դատարան դիմել, բայց այդ չեմ անում միայն քո պատճառով: Ուրեմն դու եղիր մեր դատավորը: 

200

    Բացի դրամայի բուն կոնֆլիկտից՝ ուրիշ ի՞նչ ավելի ընդհանրական բախում է տեղի ունենում: Ինչպե՞ս է այդ բախումն արտացոլվում հենց առաջին տեսիլում:

  Դրամայի բուն կոնֆլիկտին զուգահեռ՝ միևնույն հիմքով առավել ընդհանրական բախում է ծավալվում . դա խղճին, ազնվությանը և արդարությանը հավատարիմ մարդկանց բախումն է հանուն դրամի մարդկային բոլոր արժեքներն ուրացածների հետ: Այդ բախման մի թևում կանգնած են Մարգարիտը, Արտաշեսը, Երանուհին, Կարինյանը, իսկ մյուս կողմում՝ Էլիզբարովը, Սաղաթելը, Բագրատը: Հենց սկզբից Սաղաթելի և հաշվապահ Կարինյանի զրույցի միջոցով գրողն ակնհայտորեն ցուցադրում է այս բախումը ներկայացնելու և դրա շուրջ մտորելու տեղիք տալու իր ցանկությունը: «Շատերի համար խիղճն անմարսելի է», - ասում է Շիրվանզադեն  հաշվապահ Կարինյանի բերանով՝ հենց սկզբից ներկայացնելով կոնֆլիկտի բևեռները:

300

Ի՞նչ հանգամանքներում է ատրճանակը հայտնվում Մարգարիտի ձեռքում:

Մարգարիտն ատրճանակը վերցնում է եղբորից՝ Սուրենից, երբ վերջինս խոսում էր այն մասին, թե երբեմն հոգնում է կյանքից: Հենց Սուրենն էլ զրույցի ընթացքում ցույց է տալիս, թե ինչպես պետք է կրակել:

300

Մարգարիտը ծանր կացության մեջ է, սակայն նա մեկ կարևոր համոզմունք ունի, և այս առումով երկընտրանք չկա նրա ներսում. ո՞րն է այդ համոզմունքը:

  Մարգարիտը կանգնած է  հոր և սիրելի երիտասարդի միջև,  սակայն նրա համար պարզ է այն, որ ամենից կարևորը արդարությունը և ճշմարտությունն են, ավելի կարևոր, քան հոր կամ Արտաշեսի հանդեպ տածած սերը:... «Ես մի րոպե անգամ չէի տատանվի երես դարձնել Օթարյանից, եթե համոզվեի, որ նրա դատն արդար չէ: Այն, որ ես կսկսեի Աստծու պես պաշտել հայրիկին, եթե համոզվեի, որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի առաջ»,- ասում է Մարգարիտը քրոջը: Եվ դրամայի վերջին տեսիլում Մարգարիտի   համար պարզ է, որ առանց պատվի, այսինքն՝  անազնվության խարանը ճակատին,  առանց արդարության անհնար է ապրել:  Գրողի ասելիքը և ուղերձը պետք է փնտրել հենց այս տիրույթում:

400

Ծանոթանալով փաստաթղթերի բովանդակությանը՝ ի՞նչ է պահանջում Մարգարիտը հորից:

Սաղաթելի հետ զրուցելիս Էլիզբարովն ասում է, որ Մարգարիտն իրենից պահանջում է զղջալ և վերադարձնել Օթարյանների հասանելիքը:

400

 Ինչու՞ է հեղինակն առաջ մղել Մարգարիտի կերպարը հոր դեմ պայքարում:

 Շիրվանզադեն, ցանկանալով առավել սուր կերպով ներկայացնել Էլիզբարովի հավաքական կերպարի՝ ասել է թե նրա տիպի հակամարդկային էությունը,  կոնֆլիկտի մյուս կողմում կանգնեցրել է Մարգարիտին՝ նրա դստերը:  Այս հանգամանքը հնարավորություն է տվել առավել սրությամբ ներկայացնել Էլիզբարովի տիպը:Եզրակացությունը պարզ է. նույնիսկ հարազատ զավակն օտար է Էլիզբարովի, հետևաբար նաև նրա տիպի համար, երբ խոսքն անձնական շահին է վերաբերում: Այս դեպքում շահը պետք է ընկալել ոչ միայն դրամի իմաստով:

500

   Ինչպե՞ս է Էլիզբարովը փորձում օգտվել այն հանգամանքից, որ  Մարգարիտը և Արտաշեսը սիրում էին իրար: Ի՞նչ քայլի է դիմում նա փաստաթղթերը ձեռք բերելու համար: Ինչպե՞ս է ավարտվում դրաման:

  էլիզբարովը փորձում է համոզել Մարգարիտին հրաժարվել պահանջից և ամուսնանալ Արտաշեսի հետ՝ հարուստ օժիտ ստանալով: Սակայն աղջիկը պատասխանում է, որ իրեն պատվի օժիտ է հարկավոր:

էլիզբարովը գողանում է փաստթղթերը դստեր սենյակից և որոշ ժամանակ անց, անտեսելով դստեր աղաչանքը, այրում դրանք: Տեսնելով այդ՝ Մարգարիտն իրեն կործանված է համարում և ինքնասպանություն գործում եղբոր ատրճանակով:

500

Ինչպե՞ս է արտահայտվում Էլիզբարովի ներքին կոնֆլիկտը: Ինչպե՞ս է նա ընկալում իր պատիվը: Ինչպե՞ս է այս ամենն առնչվում դրամայի ժանրին:

    Դրաման, ի տարբերություն կատակերգության, ձգտում է բացահայտել հերոսների հոգեբանական կոնֆլիկտը, ներաշխարհի հեղաբեկումները, ոչ միայն արտաքին պատյանը: Այլ կերպ՝ դրաման փորձում է հասկանալ  անհատին, ոչ միայն իրավիճակը:Իբրև ռեալիստ հեղինակ՝ Շիրվանզադեն փորձում է ներկայացնել Էլիզբարովի ներաշխարհում տեղի ունեցող պայքարը: Մի կողմից նա կարող է խայտառակվել և հարստություն կորցնել, մյուս կողմից անողոք դատավորի նման նրա առջև կանգնած է դուստրը:  Իրականում Էլիզբարովը շատերին հարստահարած վաշխառու է, ով միշտ հեռու է եղել արդարությունից և կարեկցանքից.  չէ՞ որ նրա կարծիքով մարդը «անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես...»: Սակայն ռեալիստ Շիրվանզադեն փորձել է ներկայացնել Էլիզբարովի ներքին պայքարը. չէ՞ որ  նա էլ ունի պատվի իր զգացումը, որը վեր է փողից:«Բայց փողը դեռ մի կողմ, իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ», - ասում է նա: Այնուհանդերձ, ակնհայտ է, որ պատվի՝ Էլիզբարովի ընկալումը հակամարդկային է: Մարգարիտի մահով Շիրվանզադեն պատժում է նրան՝ կարծես հուշելով, որ ի վերջո պատժվելու են «գայլի ախորժակով» և «վագրի ժանիքներով  զինվածները»:

M
e
n
u